Վլադիմիր Պուտինի երրորդ ընտրությունից չորս տարի անց քաղաքական ռեժիմի ներսում սկսվեց կադրային արմատական վերակառուցում: Վերադասավորումների ալիքներն ընդգրկեցին նախագահի աշխատակազմը, նահանգապետերին, ուժային կառույցներին, պետական կորպորացիաները: 2017-2018-ին սպասվում է նոր ալիք՝ նախագահական ընտրությունների առիթով անխուսափելի են կառավարության ցնցումները: Վարչակարգը նախկինում էլ ծավալուն կադրային փոփոխություններ էր ապրում, սակայն դեռ երբեք վերադասավորումները չէին եղել ներքաղաքական խոր և նույնիսկ էլիտայի հոգեբանական տրանսֆորմացիաների արտացոլում: Եթե 2004-ի, 2007-ի կամ 2011-2012-ի կադրային փոփոխությունները կարելի է անվանել կառավարվող ընտելացում, 2016-2017-ի համանման գործընթացները վկայում են կառավարման համակարգի էական փոփոխությունը:
Պուտինյան դարաշրջանի կադրային վերադասավորումների առանձնահատկությունները
Վլադիմիր Պուտինի քաղաքական վարչակարգը, որ սկսվում է 2000-ից, արդեն անցել է խոշոր կադրային ցնցումների շրջանը, սակայն այս փուլում խոսքը լիակատար նորի մասին է: Առաջին խոշոր վերադասավորումները, որ նախագահ Պուտինը վճռեց իրականացնել, 2003-2004-ին էին և վերաբերում էին «անցումային շրջանի» ավարտին: 1999-ի վերջին Պուտինը ստանձնեց լուռ քաղաքական պարտավորություն՝ պահպանել նախագահի վարչակազմի կադրերին ու կառավարությունը մինչև իր առաջին ժամկետի ավարտը՝ երաշխավորելով Բորիս Ելցինի ու նրա ընտանիքի քաղաքականության ժառանգականությունն ու անվտանգությունը: Վերադասավորումները, սակայն, խոստացված չորս տարիներից շուտ եղան՝ ՅՈՒԿՕՍ-ի գործի և պետությունից օլիգարխների «հավասարահեռության» ընդհանուր քաղաքականության բերումով: Կոշտ դիրքորոշումը քաղաքականապես ազդեցիկ խոշոր բիզնեսի նկատմամբ դարձավ պուտինյան նոր իշխանության հայեցակարգային կոնֆլիկտի պատճառներից մեկը ելցինյան շրջանի լիբերալների հետ և արագացրեց կադրային ռոտացիան: 2013-ի վերջին ու 2014-ի սկզբին ձևավորվեցին նոր կառավարությունը և նոր աշխատակազմը, որ ավելի շուտ վաղուց սկսված գործընթացի լեգիտիմացումն էր: Օրինակ, նախագահի աշխատակազմի ղեկավար 2003-ին դարձավ Դմիտրի Մեդվեդևը, որ դեֆակտո Պուտինի աջ ձեռքն էր կառավարման համակարգի ոչ պաշտոնական հիերարխիայում: 2003-2004-ի վերադասավորումները որոշակի գիծ էին Պուտինի և «պիտերցիների» (ինչպես նրանց անվանում էին այն ժամանակ) կադրային էքսպանսիայի՝ նախագահն իր համար ստեղծում էր կառավարման հարմարավետ միջավայր, ելակետ ընդունելով գերազանցապես նորանշանակների լոյալության ու անձնական նվիրվածության սկզբունքները: Այն տարիներին դա կապված էր վարչակազմի քաղաքական խնդիրների հետ՝ «ուղղահայացի» ամրապնդման, առանցքային դիրքերի, ինստիտուտների, գործընթացների քաղաքական վերահսկողության: Այդ էքսպանսիան շարունակվեց մինչև 2007-ը, երբ Պուտինի մերձավորներն ու զինակիցները պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պաշտոններ ունեին արդեն, նաև տնտեսության պետական հատվածում (կամ պետության հետ կապված ընկերություններում):
Կադրային վերադասավորումների երկրորդ ալիքը 2008-ին էր՝ «իրավահաջորդ» գործողության իրականացման հետ կապված: Պետության նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը, վարչապետ դարձավ Վլադիմիր Պուտինը: Չնայած այս շրջանի նշանակալից կադրային վերադասավորումներին, վարչակարգի հայեցակարգային նոր շրջան սկսվելու մասին խոսք չկար: 2008-2011-ին Մեդվեդևի մարդկանց սահմանափակ էքսպանսիա կար, բայց դա ժամանակավոր էր, իշխանության վերադասավորման սխեմայի մաս: Երրորդ ալիքը 2011-2012-ին էր: Վլադիմիր Պուտինը նորից ընտրվեց ՌԴ նախագահ, Դմիտրի Մեդվեդևը դարձավ վարչապետ: Շատ նախարարներ Պուտինի հետևից գնացին նախագահի աշխատակազմ, իսկ կառավարությունը ստացավ ավելի տեխնոկրատ տեսք: Դա մեդվեդևյան ժառանգության քայքայման շրջանն էր, պահպանողական բարեփոխումների ու նույնիսկ հետընթացի: Կադրային քաղաքականությունը, տանդեմի տրոհումից հետո, ամբողջությամբ մոնոպոլացրեց պետության ղեկավարը: Այն ժամանակվա կադրային վերադասավորումների վրա ներգործեցին ոչ այնքան նախագահական ընտրությունները, որքան բողոքի զանգվածային գործողությունները 2011-ի վերջին ու 2012-ի սկզբին, որ դարձան գլխավոր պատճառներից մեկը կառավարություն գնալու նախագահի վարչակազմում ներքին քաղաքականության համակարգող Վլադիսլավ Սուրկովի և նրա փոխարեն Վյաչեսլավ Վոլոդինի նշանակման: Դա Պուտինի եզակի հայեցակարգային որոշումներից մեկն էր՝ կապված կառավարման հարցերին նրա անձնական վերաբերմունքի հետ: Վոլոդինը, իբրև Պուտինի ընտրարշավի գլխավոր քաղտեխնոլոգ, այդ պահին առավել պահանջարկված էր Սուրկովից, որ ապագա նախագահի աչքում կորցրել էր քաղաքական միանշանակությունը (մերձեցումը Մեդվեդևի հետ, համակրանքը «զայրացած քաղաքային դասի նկատմամբ»):
Բոլոր երեք ալիքներն էլ ժամանակի մեջ կապված էին նախագահական ընտրությունների հետ և որոշակի չափով ծրագրված էին: Դա կառավարվող ընտելացումի շրջան էր ինստիտուցիոնալ և քաղաքական փոփոխություններին, որ բխում էին իշխանության պահանջներից: 2016-2017-ի կադրային փոփոխությունները սկսվեցին նախագահական ընտրություններից շատ առաջ և ուղիղ կապ չունեն կառավարության ապագա փոփոխությունների հետ: Նրանք հիմնականում պարտադրված էին վարչակարգի համար, որովհետև հարուցված էին ոչ այնքան նոր պահանջներից, որքան կառավարման ճգնաժամի մեծացումից: Այդ պատճառով 2004-ի, 2007-ի կամ 2012-ի վերադասավորումները նման են ներկա փոփոխություններին այնքան, որքան ջրերի հանգիստ հոսքը ցունամիին: Եվ ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե 2016-ի կադրային վերադասավորումների մասին, այլ շրջադարձի:
Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center
Շարունակությունը
Հ.Գ. Ի՞նչ կապ ունենք մենք պուտինյան էլիտաների տրանսֆորմացիաների հետ: Հրապարակումը ծավալուն է, կներկայացվի մաս-մաս ու ամեն մաս հնարավորություն կտա համեմատել՝ ի՞նչ է կատարվել դարասկզբից Ռուսաստանում ու Հայաստանում, ինչպես են փոքր մասշտաբներում կրկնվել կառավարման մոդելները ու ի՞նչ տարբերություններ են ունեցել իրարից՝ հանգեցնելով համարյա նույն արդյունքին՝ իշխանության պահպանության քաղաքական նույն ուժի ձեռքում: Եվ Հայաստանում, և Ռուսաստանում գործում է բազմակուսակցական համակարգ, դեֆակտո, սակայն, իշխանությունը ընտրությունից ընտրություն մնում է նույն կուսակցության ձեռքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ